Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Ատելությունը՝ հոգու կործանում

Ատելությունը՝ հոգու կործանում
09.07.2025 | 13:08

Մարդկային հոգին ստեղծված է սիրելու համար։ Այն Աստծո շունչն է կրում իր մեջ և ունի կարողություն դեպի բարին, ճշմարիտը և գեղեցիկը։ Բայց երբ ատելությունն սկսում է իշխել հոգում, այնտեղ Աստծո ներկայության լույսն աղոտվում է, և անձն ընկնում է ներքին խավարի մեջ։

Ատելությունը ժամանակակից աշխարհի ամենավտանգավոր բարոյական չարիքներից է։ Այն պառակտում է մարդկային էությունն ինքն իրենից, մոլորեցնում խղճմտանքը, խեղաթյուրում իրականությունը և դարձնում մարդուն հափշտակիչ ոչ թե արտաքին, այլ ներքին իմաստով։

Սուրբ Գրքում գրված է.

«Աստված սեր է» (Ա Հովհաննես 4:8)։

Եվ ուրեմն, նա, ով մերժում է սերը՝ մերժում է Աստծուն։ Նա, ով լցվում է ատելությամբ, աստիճանաբար դարձնում է իրեն անպատրաստ ընդունելու փրկությունը, որովհետև սերը բացում է դռները դեպի երկնային արքայություն, իսկ ատելությունը՝ դեպի հոգևոր փակուղի։

Սերն, ըստ հայրաբանության, ոչ միայն բարոյական պատվիրան է, այլև գոյաբանական պահանջ։

Մարդը չի կարող ապրել առանց սիրո՝ ոչ միայն հոգեպես, այլ նույնիսկ գոյաբանական իմաստով։

Ինչպես ասում էր Սուրբ Մաքսիմ Խոստովանը. «Սերը միավորում է գոյերը, իսկ ատելությունը բաժանում է»։ Այսինքն՝ երբ մենք ատում ենք, ոչ միայն հեռանում ենք միմյանցից, այլև բաժանվում ենք իրականությունից, կյանքից, նույնիսկ մեր իսկ խղճից։

Այսօր, ցավոք, մեր հասարակությունն ապրում է ատելության մի համատարած մթնոլորտում։ Թշնամանքը դարձել է հարաբերությունների լեզու, կասկածը՝ բարոյականության չափանիշ։

Իսկ սա նշանակում է՝ մենք կորցնում ենք մեր հոգևոր կենսունակությունը։ Մենք դառնում ենք անհավասարակշիռ, պառակտված, կործանվող։

Այդուհանդերձ, քրիստոնյան չի կարող ատել։

Նա չի կարող նույնիսկ չարին պատասխանել չարով։ Որովհետև Տերն ինքը ցույց տվեց սերն իր առավելագույն ձևով՝ մահը խաչի վրա՝ հանուն նույնիսկ նրանց, ովքեր Նրան սպանեցին։

Ինչու՞ ենք այսօր մոռանում այն բանն, ինչի վրա հիմնվում է մեր հավատի ողջ ճարտարապետությունը․

«Սիրեցե՛ք ձեր թշնամիներին, օրհնեցե՛ք ձեզ անիծողներին, աղոթեցե՛ք ձեզ հալածողների համար» (Մատթեոս 5:44)։

Սերը վերածնում է հոգին։ Այն արարում է նոր մարդկային տեսիլք, որտեղ յուրաքանչյուր անձ սրբություն է՝ ոչ թե իր արժանիքների, այլ այն բանի շնորհիվ, որ ինքը Աստծո պատկերն է։ Իսկ ատելությունը ոչնչացնում է և՛ դիմացինին, և՛ մեր մեջ եղած Աստծո պատկերը։

Սիրելը զոհաբերություն է։ Բայց սերն այս զոհով իր մեջ կրում է աստվածային հաղթանակ։

Սերը միակ ճանապարհն է դեպի ճշմարիտ մարդը՝ դեպի այն մարդը, որ ստեղծվել է «ըստ Նմանության»։

ՈՒրեմն եթե ուզում ենք գոյություն ունենալ՝ որպես հոգևոր ժողովուրդ, որպես Աստծո ժողովուրդ, մի ճանապարհ ունենք՝ մերժել ատելությունը։

Մնացած ճանապարհները կործանում են։

Տեր Հեթում քահանա ԹԱՐՎԵՐԴՅԱՆ

Ախթալա, 2025 թ․ հուլիսի 8

Դիտվել է՝ 680

Մեկնաբանություններ